Ելենա Վորոբեյը հայկական շուկայից գնումներ է կատարել
Աստղային կյանք խորագրում
Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում լրագրողների հետ հանդիպեցին ՌԴ-ից ժամանած դերասաններ Իվար Կալնինշը, Ելենա Վորոբեյը, Միրոսլավա Կարպովիչը, Դմիտրի Մալաշենկոն: Նրանք հյուրախաղերով Հայաստանում են գտնվում Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահի հրավերով:
Նույն օրը դերասանները հանդես են եկել Պարոնյանի անվան թատրոնի բեմում` «Ինչ են ուզում տղամարդիկ» կատակերգությամբ: Ներկայացման բեմադրիչն է Օլգա Շվեդովան: Հայ հանդիսատեսին ավելի շատ ռուսական էստրադայից ծանոթ ԵԼԵՆԱ ՎՈՐՈԲԵՅԸ լրագրողներին հենց ասուլիսի սկզբից խոստովանել է, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում, բայց արդեն որոշակի տպավորություններ է ստացել: Առավոտյան դերասանուհին այցելել էր հայկական շուկա, գնումներ էր կատարել ու նույնիսկ հասցրել էր համտեսել հայկական որոշ քաղցրավենիքներ... Նրան դուր են եկել տուֆակերտ շենքերը: Դերասանները լրագրողներին նաեւ ասացին, որ իրենց խմբով առաջին անգամ են մեկնում հյուրախաղերի: Ինչպես յուրաքանչյոււր ներկայացումից առաջ, այստեղ էլ, բնականաբար, փոքր-ինչ հուզվում են: Ելենան մտավախություն էր ունեցել, որ Հայաստանում իրեն ոչ ոք չի ճանաչի, բայց, դատելով լրագրողների ջերմ հարցադրումներից, հասկացել է, որ իրեն այստեղ ճանաչում եւ սիրում են:
Դերասանուհին նշեց, որ դրամատիկական թատրոնում խաղալը իր համար մեծ երազանք է եղել... Նրա իսկ ձեւակերպմամբ, հաճախ մարդիկ փորձել են «կոտրեն» իրեն`ասելով, որ իր մոտ ոչինչ չի ստացվի, որ ինքն ապաշնորհ է... «Ես շատ համառ բնավորություն ունեմ: Եվ եթե նպատակ եմ ունենում, ապա անպայման հասնում եմ դրան»,- ժպտալով ասաց Վորոբեյն ու դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ինչ են ուզում տղամարդիկ: Բայց, համենայնդեպս, ըստ նրա, բոլորի ցանկությունը մեկն է` սերը... Վորոբեյը նաեւ ընգծեց, որ ներկայացումը, որով կներկայանան հայ հանդիսատեսին, լավ դրամատուրգիական որակով գործ է: Դերասանուհին համոզված է, որ հայ հանդիսատեսը այն ըստ արժանվույն կգնահատի:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
| Մեկնաբանություններ |
|
































































































































